Այսօր Վանաձոր քաղաքի երիտասարդների և աշակերտների համար իր դռները բացեց նորաստեղծ Վիքի ակումբը: Ակումբը ստեղծվել և ձևավորվել է «Յուքոմ» ընկերության և «Վիքիֆոնդ» հիմնադրամի համագործակցությամբ: «Յուքոմ» ընկերությունը ոչ միայն աջակցում է վիքիակումբների ստեղծմանն ու հիմնադրմանը, այլև ակումբներին տրամադրում է արագ և որակյալ ինտերնետ կապ:
Ինչպես գիտենք, Վիքիպեդիան համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է, և այսօր մենք խնդիր ունենք զարգացնելու և հարստացնելու հայալեզու Վիքիպեդիան հետաքրքիր նոր հոդվածներով և տեղեկատվությամբ:
«Ակումբի ստեղծմամբ՝ նպատակ ունենք Վանաձորում ստեղծել ակտիվ վիքիհամայնք, որը նպաստելու է ազատ գիտելիքի և բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը, - իր խոսքում նշեց «Յուքոմ» ըկերության Մարքետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը: Հուսով ենք, որ այս ակումբի շնորհիվ հարյուրավոր դպրոցականներ և պատանիներ կգտնեն իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք, իսկ շատերն էլ կհաճախեն ակումբ նոր գիտելիքներ ձեռք բերելու, ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու կամ ինքնազարգացման նպատակով»:
Վիքի ակումբի բացմանը ներկա էին «Վիքիֆոնդ» հիմնադրամի և «Յուքոմ» ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև ակումբի երիտասարդ անդամներ: Ակումբի բացումից անմիջապես հետո մասնակիցների հետ համատեղ խմբագրվեց Վիքիպեդիայում «Յուքոմ» ընկերության էջը, որտեղ ավելացվեցին նաև մի քանի փաստեր «Վիքիֆոնդ» հիմնադրամի և «Յուքոմի» համագործակցության վերաբերյալ:
Վանաձորի վիքիակումբը «Յուքոմ» ընկերության և «Վիքիֆոնդ» հիմնադրամի երկարատև համագործակցության հերթական արդյունքն էր: Սակայն համագործակցությունն այսքանով չի ավարտվելու: Նախատեսվում է նմանատիպ վիքիակումբներ հիմնել նաև Հայաստանի տարբեր համայնքներում։