Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեծ հանդիսավորությամբ նշվեց մարզադպրոցի սան, Արցախյան պատերազմի հերոս, Թաթուլ Կրպեյանի անվան ազատ ըմբշամարտի պատանեկան ավանդական՝ 24-րդ հուշամրցաշարի բացումը:

Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցաշարի բացմանը ներկա է եղել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, փոխնախար Արտաշես Նազարյանը, Կրպեյանի եղբայրներն ու քույրը, հարազատներն ու մտերիմները, Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, այլ պատվավոր հյուրեր:

Նախարարն իր խոսքում ասել է, որ շատ գովելի են նման նախաձեռնությունները, և որ պատանի ըմբիշները պետք է ոչ միայն մարզվեն, այլև ճանաչեն մեր ազգի նվիրյալներին, ոգեշնչվեն նրանց սխրանքներով: Իսկ մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը նշել է, որ Մուշեղյանի անվան մարզադպրոցը միշտ էլ առանձնացել է հայրենասիրական ոգու դաստիարակությանն ուղղված միջոցառումներով:

Հանդիսավոր բացման արարողության ժամանակ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանն ու Միհրան Հարությունյանը նվերներ են հանձնել հյուրերին: Հուշամրցաշարն ավարտվելու է վաղը: Իսկ ըստ քաշային կարգերի առաջին օրվա հաղթողներ են դարձել Առաքել Մովսիսյանը (42 կգ, ՕՀՔ), Վրեժ Գևորգյանը (50 կգ, ՕՀՔ), Արմեն Ազարյանը (58 կգ, ՀՄՄ), Արման Ավագյանը (69 կգ, ԸՀՄ) և Մարտին Սիմոնյանը (85 կգ, ՀՄՄ):