ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 28-ին սկսվում է ընդհանուր քաղաքական բանավեճը, որն այս տարի խոստանում է ամենահագեցվածը դառնալ համաշխարհային կազմակերպության գոյության ողջ ժամանակաշրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Համաժողովին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 3-ը, սպասվում է ՄԱԿ-ի անդամ երկրների պետությունների ու կառավարությունների 144 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի 46 նախարարների մասնակցությունը: Ինչպես հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում, օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի անցաթուղթ են ձևակերպել կազմակերպության անդամ երկրների 8 հազար 915 դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հավատարմագրվել են շուրջ 3 հազար լրագրողներ:
Այս տարի ամենահագեցածը խոստանում է դառնալ բանավեճերի առաջին օրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտի ներածական ելույթներից հետո խոսք կասի Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը: Նրանից հետո ելույթ կունենան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Հորդանանի Աբդալա II թագավորը: Նախատեսված են նաև ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ուրիշների ելույթները:
Սեպտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, Օբամայի և Պան Գի Մունի նախագահությամբ տեղի կունենա խաղաղապահ գործողություններին նվիրրված գագաթնաժողովը: Սեպտեմբերի 29-ին կկայանա ծայրահեղականության դեմ պայքարի հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպում, որի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես սպասվում է, կներկայացնի արմատական գաղափարախոսությունների հակազդման ծրագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: