«Միասին՝ «կողմ»» կատալոնյան կոալիցիան, որը հանդես է գալիս թագավորության կազմից ինքնավար մարզի դուրս գալու օգտին, չկարողացավ սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում կայացած ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ժեներալիտետի՝ մարզի կառավարության տվյալներով, 99,67 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո կոալիցիան 62 աթոռ է ստանում 135-տեղանոց խորհրդարանում: 25 մանդատով կոալիցիային հաջորդում է «Քաղաքացիներ» կուսակցությունը: Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունն ստանում է 16 տեղ, Իսպանիայում կառավարող Ժողովրդական կուսակցության մասնաճյուղը՝ 11, «Կատալոնիա, այո, մենք կարող ենք» կազմակերպությունը՝ 11, Ժողովրդական միասնության թեկնածությունը՝ 10: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարվելու են հոկտեմբերի 4-ին:

 

«Միասին՝ «կողմ»» կոալիցիան ձևավորվել է Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիայի (ԿԴԿ), Կատալոնիայի ձախ հանրապետականների (ԿՁՀ), և ինքնավարության անկախությունը պաշտպանող մի քանի կազմակերպությունների դաշինքի արդյունքում:Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարում էին, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենք կսկսեն Իսպանիայի կազմից դուրս գալու գործընթացը:

 

Ավելի վաղ ԿԴԿ-ն և ԿՁՀ-ն մրցակիցներ էին և միակ բանը, որ նրանց միավորում էր, Կատալոնիայի անկախության հասնելու ձգտումն էր: Ջանքերի միավորման դեպքում անկախության կողմնակիցները 72 տեղ կստանան խորհրդարանում: Ընդսմին, ինչպես ավելի վաղ հայտարարել է «Միասին՝ «կողմ»» կոալիցիան, նոր կառավարությունը պետք է գլխավորի մարզի գործող ղեկավար Արթուր Մասը:

 

ԿՁՀ-ի առաջնորդ Օրիոլ Ժունկերասը և Արթուր Մասը՝ որպես ԿԴԿ-ի ղեկավար, հրապարակել են իրենց կարծիքը, ըստ որի կատալոնցիները պաշտպանեցին Իսպանիայի կազմից դուրս գալը:

 

 

Այդուհանդերձ, երկրում կառավարող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Քսավիե Գարսիա Ալբիոլը վստահ է, որ «կատալոնցիների մեծամասնությունը դեմ արտահայտվեց» Իսպանիայի կազմից դուրս գալուն: Բանն այն է, որ անկախության կողմնակիցներն ընդհանուր առմամբ ապահովել են քվեարկածների 48 տոկոսից պակաս մասի աջակցությունը:

 

Մադրիդում ԺԿ-ի կենտրոնական գրասենյակում հայտարարել են, որ կառավարությունը թույլ չի տա թագավորությունից մարզի անջատում: «Մենք կշարունակենք ապահովել օրենքի կատարումը, պաշտպանել Իսպանիայի միասնությունը և հպատակներին ասել, որ նրանք կարող են հանգիստ լինել, քանի որ կառավարությունը երաշխավորելու է նրանոր իրավունքներն ու ազատությունները»,- նշել են Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները:

 

Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը նույնպես այն կարծիքին է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ կատալոնցիներն Իսպանիայից անջատում չեն ցանկանում:

 

«Քաղաքացիներ» կուսակցության ներկայացուցիչ Ինես Արիմադասը կոչ է արել Արթուր Մասին՝ հրաժարական տալ և ընդգծել է, որ «կատալոնցիների մեծամասնությունը երես թեքեց» «Միասին՝ «կողմ»-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: