Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանում' ժամը 15:40-ի սահմաններում: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ քննչական կոմիտեն Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում գործով տուժող Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն է ունեցել նաև Մայիս Խաչատրյանը։
Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել՝ Մայիս Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Բացի այդ' քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: