Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստույգ գիտի՝ ինչպես հայտնվել ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է բրիտանական The Financial Times թերթը:

 

 

Սիրիայում ռուսական զորքերի արագ տեղակայման ֆոնին Պուտինը հայտնվել է ուշադրության կենտրոնում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում, որտեղ նրա կողմնակիցները և դաշնակիցները փորձում են հասկանալ նրա մտադրությունները:

 

 

«Պուտինը բացահայտ հաճույք է ստանում, քանի որ նրան հաջողվել է անհարմար վիճակում դնել ԱՄՆ-ին: Մեկ տարի անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը փորձում էր մեկուսացնել Պուտինին` Ուկրաինայում նրա ռազմական միջամտության պատճառով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եկել է այն եզրակացության, որ ինքն այլ ընտրություն չունի, քան հանդիպել ռուս առաջնորդի հետ և քննարկել Սիրիայի իրավիճակը»,- գրում է թերթը:

 

 

Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցության ակտիվացումը սկսվել է հենց այն պահին, երբ սիրիական հակամարտության լուծման հարցում Վաշինգտոնի ռազմավարությունը հայտնվել է անհաջողության եզրին, նշում է պարբերականը: