«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսում գրավել են Քունդուզ քաղաքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Աֆղան զինվորականները հավաստել են քաղաքի նկատմամբ վերահսկողության կորուստը, սակայն պնդում են, որ դեռևս իրենց ձեռքին են պահում տեղի օդանավակայանը: Թալիբների հաջողության պատճառը զինվորականները համարում են հանկարծակիության էֆեկտը:
Ներկայումս Աֆղանստանի անվտանգության ուժերը, Քունդուզի մերձակայքում օգնական ուժերով համալրվելուց հետո և ամերիկացի զինվորականների աջակցությամբ, հակահարձակման են անցել քաղաքը թալիբներից ազատագրելու համար:
Քունդուզի վրա թալիբների հարձակումն սկսվել է սեպտեմբերի 28-ին: Դրան մասնակցել են մի քանի հարյուր զինյալներ: Երեկոյան դեմ նրանք կարողացել են գրավել քաղաքի կեսից ավելին, իսկ այնուհետև այն գրավել են ամբողջությամբ:
Այժմ Քունդուզի կենտրոնական մասի վրա ծածանվում է «Թալիբանի» դրոշը: Բացի դրանից, զինյալները համացանցում զետեղում են աֆղանական այն զրահատեխնիկայի լուսանկարները, որը նրանք զավթել են քաղաքը գրոհելու ընթացքում:
Քունդուզում խաչավորվում են ռազմավարական տեսակատից մի քանի կարևոր ճանապարհներ, իսկ նահանգն ինքը սահմանակից է Տաջիկստանին: Քաղաքի բնակչության թիվը գերազանցում է 100 հազարը:
Դա զինյալների համար նման մասշտաբի առաջին հաջողությունն է վերջին 14 տարվա ընթացքում: