Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց Երևանի' ներառական կրթություն իրականացնող դպրոցների հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ:
«Այս միտքը կարևոր եմ համարում, սպորտը խաղի մեջ պետք է տարբերությունները մարդկանց ներսից դուրս հանի և հնարավորություններ տա բոլորին լինել հավասար: Ես կարծում եմ, որ շախմատն այն զբաղմունքն է, որը մարդը պետք է հոգով խաղա և սրտից մի բան ունենա: Այս երեխաները դժվարություններ ունեն կյանքում: Հաղթահարելով այդ դժվարությունները՝ ես համոզված եմ, որ նրանք կկարողանան գտնել իրենց աշխարհը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:
«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և այլք:
Լևոն Արոնյանն արդեն 6-րդ տարին է միանում նախաձեռնությանը' այդ կերպ միանալով ներառական գաղափարի տարածմանը: