Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում առաջին անգամ անցկացվեց կիսամարաթոն: Հենց Հանրապետության հրապարակում տրվեց երևանյան առաջին կիսամարաթոնի մեկնարկը, որին իր խորհրադանշական մասնակցությունը բերեց նաև Յուրի Ջոր Կաեֆը: Առաջին կիսամարաթոնին մասնակցում էին ավելի քան 5000 վազորդներ ոչ միայն մայրաքաղաք Երևանից, այլ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: «Դժվարն առաջինն էր, կարծում եմ' հաջորդ անգամ արդեն ավելի կազմակերպված ձևով կկարողանանք անել այս ամենը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Կիսամարաթոներ կանցկացվեն Հայաստանի այլ մարզերում ևս:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով' առաջին կիսամարաթոնն իր կազմակերպվածության առումով թերացավ: «Մենք արդեն պետք է աշխատանքներ տանենք այն ուղղությամբ, որ հաջորդ տարի կիսամարաթոնը դառնա իսկական մարաթոն: Նպատակը նաև այն է, որ մեծացնեն կիսամարաթոնի աշխարհագրությունը»,-շեշտեց նախարարը:
Կիսամարաթոնի 5 կմ տարածության մեկնարկը տվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Ռոբերտ Էմմիյանը: Կիսամարաթոնի բոլոր մասնակիցներն ստացան հատուկ մեդալներ: