Գերմանիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա անհայտ անձինք հարձակում են իրականացրել: Այս տեղեկատվությունը հաստատել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: «ԼՂՀ արտգործնախարարությունն ուսումնասիրում է դեպքը: Փաստեր, որ դեպքը կապված է Հարություն Գրիգորյանի մասնագիտական գործունեության հետ, չկան»,- ասացին Արցախի ԱԳՆ-ից' հավելելով նաև, որ հարձակման ժամանակ հրազեն չի կիրառվել, այլ միայն կոտրվել է պատուհանի ապակին:

 

Ավելի վաղ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել հարձակման վերաբերյալ, որտեղ հայտնել էր, թե Գրիգորյանի տան վրա կրակել են: «Դեպքը հավանաբար կապված է Հարություն Գրիգորյանի' վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ»,- նշել էր նա' հիշեցնելով նաև, որ ավելի վաղ տան դիմաց հայտնվել էր հայերին վիրավորող գրություն, որն Արցախի ներկայացուցիչը լուրջ չէր ընդունել: