Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Khabar TV իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե չէր հապաղի պաշտոնաթողության հարցում, եթե դա կարողանա լուծել երկրում տիրող ճգնաժամը, բայց, որոշումը պետք է ընդունի Սիրիայի ժողովուրդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պաշտոնից հեռացնելու որոշումն ընդունում է միայն ժողովուրդը: Ուստի ես ասում եմ ընդդիմությանը՝ եթե դուք ձեզ իրավացի եք համարում, ինչու չեք կարողանում դրանում համոզել Սիրիայի ժողովրդին, նա պետական ինստիտուտների, ընտրությունների միջոցով կորոշի՝ ով է լինելու նախագահը»,- ասել է նա:
«Ես մեկ անգամ ևս ասում եմ, որ եթե իմ հեռացումը լուծում է, ես, անկասկած, դա կանեմ»,- ընդգծել է Ասադը հարցազրույցում, որի տեքստը հրապարակել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Ասադը նաև նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Իրաքի փոխգործակցությունն անհրաժեշտ է տարածաշրջանն ավերումից փրկելու համար: «Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից և Իրաքից բաղկացած կոալիցիան պարտավոր է հաղթել, այլապես տարածաշրջանը կավերվի»,- ասել է նա: Նրա համոզմամբ, այդ փոխգործակցությունը թույլ կտա «իրական արդյունքների» հասնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ իր երկրում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողության անցկացման ժամկետը կախված կլինի իրադարձությունների զարգացումից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին