ԱՄՆ-ի վարչակազմը համոզված է, որ այլ երկրների կողմից Կիեւի իշխանություններին զենքի մատակարարումը չի օգնի Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
Նա այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի գործադիր իշխանության տեսանկյունից Ուկրաինայում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը շարունակել պատժամիջոցների օգնությամբ: «Մենք դեռեւս գտնում ենք, որ Ռուսաստանի հաշվարկների վրա ազդելու լավագույն եղանակը տնտեսական պատժամիջոցների կիրառումն է»,- նշել է Սպիտակ տան աշխատակիցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի զանգվածային լրատվության մի ամբողջ շարք միջոցներ, հղում անելով ամերիկյան կառավարության ներկայացուցիչների, հաղորդել էին, որ այն վերադարձել է Ուկրաինայի իշխանություններին զենքի մատակարարումների հնարավորության քննարկմանը:
Մամուլի ասուլիսում, մեկնաբանելով այդ տեղեկությունները, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջեն Փսակին հայտնել է, որ «ոչ մի որոշում չի ընդունվել»: Վաշինգտոնը կարեւորում է Ուկրաինայի հարավ-արեւելքում ներքին զինված հակամարտությունը «քաղաքական ու դիվանագիտական» եղանակներով հաղթահարելը, ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհենը հավաստիացրել է, որ «մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ դիվանագիտական միջոցների օգնությամբ լուծման ապահովումը»: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի վարչակազմը «միշտ էլ ուսումնասիրում է գործողությունների հնարավոր այլ տարբերակներ», հավելել է նա:
Ավելի վաղ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ուկրաինային զենքի մատակարարումների վտանգի մասին նախազգուշացրել է Spiegel Online ինտերնետ-հրատարակությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի այդ պլանները «սպառնում են Եվրոպայի միասնությանը»:
Զենքի մատակարարումների դեմ է հանդես եկել նաեւ ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Այդ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվի. ես դա ասում եմ նաեւ ամերիկացի ընկերներին, որոնք քննարկում են զենքի մատակարարումների հարցը»,- նշել է նա: «Միայն զոհվածների թիվը կավելանա»,- հավելել է նա: