Հունաստանի կառավարության գլխավոր խնդիրներն են՝ օգնության երրորդ ծրագրի շուրջ վարկատուների հետ ստորագրված համաձայնագրերի կատարումը, ֆինանսական կայունության և տնտեսության աճի վերականգնումը, պետական պարտքի բեռի էական թեթևացումը, արմատական բարեփոխումները պետական կառավարման ոլորտում, կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ծրագրային հայտարարությամբ հանդես գալով խորհրդարանում:

 

«Այս խնդիրների կատարումը վարկատուների ու հուշագրերի հսկողությունից երկիրը դուրս բերելու միակ անվտանգ եղանակն է»,- հայտարարել է Ցիպրասը:

 

Նա նշել է, որ չորս տարի անց Հունաստանը հետևում կթողնի ճգնաժամն ու հուշագրերը:

 

Վարչապետի ծրագրային հայտարարությունը նախատեսված է օրենսդրությամբ: Երեք օրվա ընթացքում տեղի է ունենալու դրա քննարկումը, իսկ լույս հոկտեմբերի 8-ի գիշերը քվեարկություն կանցկացվի կառավարությանը վստահության հարցի շուրջ: ՍԻՌԻԶԱ կուսակցության և «Անկախ հույների» կոալիցիոն կաբինետը 155 տեղ ունի 300-տեղանոց խորհրդարանում, և վստահության քվեն պետք է հաստատի, որ նա կկարողանա անցկացնել անհրաժեշտ օրենքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: