Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ առաջիկա տարիներին լուրջ աշխատանք չի կատարվի: ՀՀ կառավարությունն ավելի հակված է ուսումնասիրել գործող ատոմակայանի աշխատանքը 10 տարի երկարաձգելուց հետո ևս մի քանի տարով շահագործումը երկարացնելու տարբերակը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Եթե հետագայում կրկին ժամկետների երկարաձգման հնարավորություն լինի, մենք կգնանք դրան, նոր ուսումնասիրություններ կտարվեն այդ ուղղությամբ: Նոր ատոմակայանի կառուցումը բավականին աշխատատար ու մեծ ֆինասնական միջոցներ պահանջող ծրագիր է»,- «Արմենպրես»-ի փոխացմամբ' ասաց Երվանդ Զախարյանը:

 

Նրա խոսքով' նոր ատամակայանի կառուցումը կնշանակի ունենալ էլեկտրաէներգիայի մի քանի անգամ ավելի բարձր սակագներ, քանի որ կատարվելու են մեծ ներդրումներ ու դրանց վերադարձի պարտավորություն կունենա պետությունը: «Այսօր մեր ատոմակայանի դեպքում, որը շահագործում ենք, այդ խնդիրը չունենք, քանի որ հիմնականում ներդրումները կատարվել են խորհրդային ժամանակաշրջանում ու ներդրումների հետ գնման պարտավորություն չունենք»,- ավելացրեց Երվանդ Զախարյանը' հավելելով, որ դրա շնորհիվ է, որ այսօր ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագները բավականին ցածր են:

 

Նախարարը նշեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների նախնական համաձայնությամբ որոշվել է նոր ատոմակայանը կառուցել 1000 մեգավատ հզորությամբ' միևնույն ժամանակ հավելելով, որ Հայաստանին ավելի ձեռնտու է միջին հզորության ատոմակայան ունենալ: «Նոր ատոմակայանի համար մենք դեռ ժամանակ ունենք ուսումնասիրելու: Դրա ուղղությամբ մոտակա տարիներին հավանաբար լուրջ աշխատանք չի կատարվի, այլ ավելի շուտ կուսումնասիրվեն հետագայում նոր հզորությունների մասով հնարավորությունները»,-ավելացրեց Երվանդ Զախարյանը:

 

Նախարարը նաև հայտնեց, որ մշակվել է մինչև 2036 թվականը էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություն, որով նախատեսվում է լրացուցիչ հողմային կայաներ կառուցել մինչև 200 մեգավատ և հիդրակայաններ 200-250 մեգավատ հզորությամբ: