ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 70-էջանոց զեկույց Ադրբեջանի ներգրավվածությամբ կոնգրեսականների կոռուպցիոն գործի առնչությամբ: Զեկույցին կցված է նաև հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննության 1000 էջից բաղկացած արդյունքը: Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի հրապարակած զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

 

 

«Մենք ողջունում ենք Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը կառավարության թափանցիկության և հաշվետվության հարցում»,- այս առնչությամբ ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը՝ նշելով, որ զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան ամբողջությամբ ստանալ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է օտարերկրյա բռնապետը փորձում մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ ժողովրդավարական համակարգը:

 

 

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը հետաքննություն էր սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից ԱՄՆ 10 կոնգրեսականների ճամփորդությունների ծախսերը հոգալու դեպքի առթիվ: Հանձնաժողովի փաստաթղթում նշվում էր, որ գումարը կոնգրեսականներին փոխանցվել է Հյուսթոնո ւմ գործող հասարակական կազմակերպության միջոցով: Գործում ներգրավված կոնգրեսականներից 4-ը Տեխաս նահանգից են:

 

 

«The Washington Post» թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գաղտնի ձևով ամբողջությամբ հոգացել է Բաքվում 2013 թ. կայացած համաժողովին ներկա գտնվելու համար ԱՄՆ Կոնգրեսի 10 ներկայացուցիչների և նրանց անձնակազմի 32 անդամների ծախսերը: Ըստ հրապարակման ՝ նախագահ Օբամայի երեք նախկին օգնականները ևս համաժողովին հանդես են եկել որպես զեկուցողներ: Օրենսդիրներն ու նրանց անձնակազմերի անդամներն ստացել են հազարավոր դոլարներ արժեցող գործուղման վճար, մետաքսե շարֆեր, բյուրեղյա թեյասպասք, ինչպես նաև ադրբեջանական գորգեր՝ 2.5-10 հազար դոլար արժողությամբ: Ճամփորդական հաշիվները ցույց են տվել, որ օրենսդիրների և նրանց կողակիցների ավիատոմսերի ծախսերը կազմել են 112 հազար 899 դոլար:

 

 

Այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպությունները Կոնգրեսում ստել են, թե իբր իրենք են հովանավորել համաժողովին մեկնելու ծախսերը, ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը' պարզելու համար, թե արդյոք տեղի չեն ունեցել Կոնգրեսի կանոնակարգի և դաշնային< /i> օրենքների խախտումներ, այդ թվում՝ օտար երկների կողմից ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու փորձեր:

 

 

Համաժողովը, որ կրում էր «Միացյալ Նահանգներ-Ադրբեջան համագումար. ապագայի տեսլական» խորագիրը, կայացել է 2013 թվականի մայիսի 28-29-ին: