«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Էդիկ Ավագյանը, որը սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում գտնվում էր կալանքի տակ:
2014 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Էդիկն իր տանը՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ՝ Մելանյա Ավագյանի հետ: Վիճաբանության ընթացքում Էդիկ Ավագյանը դանակի մոտ 14 հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին:
Սակայն ամեն ինչ այդքանով չէր ավարտվել. վերջինս բնակարանի դուռը ներսից փակելով՝ վնասել էր նաև իրեն: Մինչ փրկարարներն օգնության էին հասել, Մելանյա Ավագյանը մահացել էր, իսկ էդիկ Ավագյանին կարողացել էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Կատարվածից հետո իր երկու երեխաների մորը կյանքից զրկած Էդիկ Ավագյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի' սպանության հատկանիշներով, եւ 2015 թվականի հունիս 11-ին գործը ուղարկվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Տեղեկացնենք, որ Էդիկ Ավագյանը մահացել է քաղցկեղի հետևանքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: