«Նոր Հայաստան» միջազգային շարժումը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն օգնություն է առաջարկել Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու գործում և հորդորել է Ռուսաստանի ազգային մյուս համայնքների ներկայացուցիչներին՝ միանալ այն սիրիացիների համար օգնություն հանգանակելուն, որոնք տուժել են այդ երկրի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Նոր Հայաստան»-ը ներկայացնող Սիրիայի, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի և Սերբիայի հայ համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և կազմակերպության գլխավոր քարտուղարությանը՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ներառել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում և դա ամրագրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով:
«Նոր Հայաստանի» նախագահ Ամրան Պետրոսյանն արդեն գրավոր դիմել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով «քննարկել «Նոր Հայաստանի» ռեսուրսների ներգրավման հնարավորությունը Սիրիա Ռուսաստանի 13-րդ և հետագա հումանիտար առաքելությունների ձևավորման ընթացքում՝ այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներկայությունն ընդլայնելու նպատակով»: Խոսքը, նախևառաջ, վերաբերում է սննդամթերքին, դեղորայքին և հագուստին:
Ավելի վաղ շարժումն արդեն հակաահաբեկչական մոբիլիզացիա է հայտարարել և կոչ է արել աշխարհի հայ համայնքներին՝ միավորել ջանքերը Սիրիայի բնակչության համար մարդասիրական օգնություն հանգանակելու գործում:
Հոկտեմբերի 15-ին շարժման նախագահը հումանիտար առաքելությանը միանալու կոչով նամակներ է ուղարկելու ութ միավորումների՝ «Ռուսաստանի հայերի միության», «Ռուսաստանի վրացիների միության», համերկրային հրեական ազգային-մշակութային ինքնավարության, «Ռուսաստանի ուկրաինացիները» կազմակերպության, ռուսաստանաբնակ ղազախների, բելառուսների, ադրբեջանցիների, քրդերի համերկրային ազգային-մշակութային ինքնավարությունների ղեկավարներին:
Ինչպես նշվում է դիմումի տեքստում, «Նոր Հայաստանը» պաշտպանում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ընդսմին, ինչպես կարծում են շարժման ներկայացուցիչները, «միայն հավանություն տալն արդեն բավարար չէ», անհրաժեշտ է, որ հասարակական բոլոր միավորումները հստակ քաղաքացիական դիրք բռնեն այդ հարցում:
«Իր կողմից «Նոր Հայաստան» միջազգային շարժումը ներգրավվել է հումանիտար նախագծերում, զբաղվում է Սիրիայի ժողովրդի համար օգնություն հանգանակելով, կամավորների է պատրաստում այդ բազմաչարչար երկիր ուղարկելու համար: Մենք ցանկանում ենք հորդորել ձեզ՝ ակտիվորեն միանալ այդ գործունեությանը»,- ասված է ուղերձում: