Ադրբեջանում արագորեն աճում է կրոնական արմատականների թիվը: Սիրիայում մարտական փորձ ձեռք բերած ծայրահեղականների նոր խմբաքանակների ժամանումն Անդրկովկաս կարող է ներսից պայթեցնել տարածաշրջանի կայունությունը և խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ռուսաստանյան Lenta.ru-ն' նշելով, որ սիրիական հակամարտության գոտում Ադրբեջանի քաղաքացիների թիվը հասնում է հազարի:
Կայքը հայտնում է, որ չնայած իսլամիստների ակտիվ մեկնումին Մերձավոր Արևելք, չի կարելի ասել, թե Ադրբեջանում հանգստություն է հաստատվել: Հակառակը' այդ երկրում կրոնական ծայրահեղականության հետ կապված կացությունը շարունակում է վատանալ, իսկ իսլամիստական ընդհատակն օրեցօր ընդլայնվում և ամրապնդվում է:
Կայքը հայտնում է, որ ռուսաստանյան ԶԼՄ-ների գնահատականով' դրությունն Ադրբեջանում պայթյունավտանգ է:
«Մահմեդական Ադրբեջանը ռիսկ է անում բախվել ամբողջ պետությանը վնասող մասշտաբային խնդիրների հետ: Ադրբեջանում առավել անհանգիստ շրջանները եղել են ռուսաստանյան Դաղստանի հետ սահմանակից հյուսիսային շրջանները, որոնք բնակեցված են ոչ միայն ադրբեջանցիներով, այլ նաև ավարներով, լեզգիներով: 1990-ական թվականներին հենց այստեղ է ի հայտ եկել Թուրքիայից, արաբական երկրներից եկած, ինչպես նաև ռուսաստանյան «վահաբական» էմիսարների ազդեցությունը: Սակայն, վերջին երկու տասնամյակում սալաֆիների (իսլամի սունի ծայրահեղական հոսանք) խոշոր համայնքներ են ծագել և ամրացել Բաքվում և Սումգայիթում: 2000-ական թվականներին, մինչև իշխանությունների վարչական արգելքներ մտցնելը, Բաքվի սունի մզկիթներում հազարավոր մարդիկ էին մասնակցում ուրբաթօրյա աղոթքներին: Այդ համայնքներին, որոնցից ծագում են իսլամիստ-մարտիկների մեծ մասը, վերջին տարիներին միանում են նաև ավանդաբար շիա ընտանիքների անդամները (Ադրբեջանի բնակչության 85 տոկոսը կազմում են շիա մուսուլմանները):
Մյուս վտանգավոր միտումը, որը կարող է խաթարել Ադրբեջանում կայունությունը ներսից, բնակչության մեծամասնությունը կազմող շիաների և իսլամի սունի ուղղության կողմնակիցների միջև հարաբերությունների վատացումն է: Արտաքին գործոնները (Մերձավոր Արևելքում փաստորեն կրոնական պատերազմ է գնում շիաների և սունիների միջև) և Ադրբեջանի ներսում երկու կրոնական ուղղությունների արմատական ներկայացուցիչների ռազմատենչ հռետորաբանությունն անում են իրենց գործը: Սիրիական հակամարտության արձագանքն Ադրբեջանում հնչում է ավելի ու ավելի հստակորեն»,- գրում է lenta.ru-ն: