Ադրբեջանի Գաբալա (Կուտկաշեն) քաղաքում այսօր իր աշխտանքներն է սկսել ադրբեջանա-ռուսաստանյան միջտարածաշրջանային 5-րդ ֆորումը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԶԼՄ-ները, կոնֆերանսի մասնակիցներին ընթերցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շնորհավորական նամակները: Այնուհետեւ ելույթ են ունեցել Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը, ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլօղլուն, Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներ' Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլաթիպովը, Ստավրոպոլի նահանգապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Վլադիմիրովը, Ինգուշեթիայի ղեկավար Յունուսբեկ Եվկուրովը:

 

Ֆորումում Դաղստանի ղեկավար Աբդուլաթիպովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում զարգանում են: «Գաբալայում բացված ադրբեջանա-ռուսաստանյան ֆորումը նոր ազդակ կհաղորդի այդ հարաբերությունների զարգացմանը», -ասել է նա:

 

Ինգուշեթիայի ղեկավար Եվկուրովը հայտարարել է. «Ադրբեջանի զարգացումը ուրախացնում է բոլորին Հյուսիսային Կովկասում, եւ մենք փորձում ենք ուսումնասիրել զարգացման նրա փորձը»:

 

Փոլադ Բյուլ-բյուլօղլուն էլ հայտարարել է, որ Ադրբեջանին եւ Ռուսաստանին կապում են «ռազմավարական բարեկամական հարաբերությունները», որոնք տարեց տարի «ավելի լայն թափ են ստանում»:

 

Ադրբեջանում ՌԴ դեսպան Դորոխինն էլ ասել է, որ ադրբեջանա-ռուսաստանյան հարաբերությունների հիմքը «փոխըմբռնումն է»: