Երևանում անցած գիշեր հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել միանգամից չորս անձ: Նրանք բոլորը միաբերան նշել են, որ վնասվածքն ստացել են անհայտ անձանց կողմից: Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության' «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:

 

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:

 

Ըստ բժշկի տեղեկանքի' Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն և Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

 

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

 

Կատարվում է նախաքննություն: