Երեւանում այսօր' ապրիլի 25-ին, կրակոցներ են հնչել. ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «Կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» եւ 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։
Ըստ բժիշկների հայտնածի՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված պարկուճներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հրապարակում։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։ Վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել՝ շնորհիվ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բժիշկների։