ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Բաքվում կրկին բարձրացնել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը' հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության և բռնության մակարդակի բարձրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ-ի կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը առնվազն երեք տարի եղել է քննարկումների առարկա: Այն բարձրացվել է երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, և նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ: Այն ժամանակ առաջարկը չէր մերժվել Ադրբեջանի կողմից: Կարծում եմ՝ սա այն կարևորագույն հարցերից է, որ մենք կրկին կբարձրացնենք Բաքվում՝ նկատի ունենալով լարվածության մակարդակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում»,- ասաց Ուորլիքը:

 

Նրա խոսքով' թեև 20 տարում զինանդադարը կատարյալ չի աշխատել, սակայն դրա շնորհիվ հնարավոր է եղել խուսափել լայնամասշտաբ պատերազմից: Ամերիկացի դիվանագետը նշեց նաև, որ համանախագահները շարունակելու են աշխատել զինադադարի շրջանակներում' հակամարտության բանակցված և համընդգրկուն կարգավորման հասնելու համար: