Հայաստանը ողջունում է ԱՄՆ պետդեպարտամենտի պատրաստակամությունը' անցկացնելու միջազգային հետաքննություն հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի առնչությամբ:
Գնահատականը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ պետական դեպարտամենտին ուղղած 80 կոնգրեսականների առաջարկին, համաձայն որի հայ-ադրբեջանական շփման գծում պետք է տեղակայվեն տեխնիկական սենսորային վերահսկման սարքեր, Օհանյանն ասաց, որ ցանկացած տիպի վերահսկման մեխանիզմների տեղակայումը սահմանին կաջակցի սահմանային միջադեպերի միջազգային հետաքննությանը:
«Մենք ողջունում ենք այն երկրի համապատասխան կառույցի պատրաստակամությունը, որը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ երկիր և նաև պետք է այդ վստահության մեխանիզմների ձևավորման, միջազգային հետաքննության անցկացման մեջ համապատասխան դերակատարություն ունենան: Բոլորս էլ գիտենք, հատկապես միջազգային մասնագիտացված կառույցները, թե որքան դժվար է այդ ամենն իրականացնելը, քանի որ շփման գիծն անընդհատ գտնվում է խախտումների, ստորաբաժանումների շարժի, դիվերսիոն խմբերի և նաև կրակի ազդեցության տակ»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։