Լեռնային Ղարաբաղի հակամարտության համընդգրկուն կարգավորումը հնարավոր չի լինի առանց փախստականների խնդրի լուծման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի դիվանագետի խոսքով' թեև փախստականների խնդիրը միշտ չէ, որ հրապարակայնորեն քննարկվում է, սակայն այն մշտապես ընդգրկված է լինում մասնավոր հանդիպումների օրակարգում: «Տարածաշրջանում փախստականների ձայնը պետք է լսելի դարձնել: Հարցերից մեկը, որ մենք ցանկանում ենք քննարկել որպես համընդգրկուն կարգավորման մաս, հնարավորությունների ստեղծումն է, որպեսզի փախստականները և ներքին տեղահանվածներրը կարողանան վերադառնալ իրենց տները»,- նշեց միջնորդը:

 

 

Նա նաև հավելեց, որ հանդիպումների ժամանակ համանախագահները խնդրելու են երկու երկրների նախագահներին և արտգործնախարարներին համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա իրենք կարող են շարունակել բանակցությունները:

 

 

Ուորլիքը հիշեցրեց նաև, որ իր վերջին երևանյան այցի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը օգտակար հանդիպում է ունեցել փախստականների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Իսկ այս անգամ համանախագահներն Ադրբեջան այցի ժամանակ հանդիպելու են ադրբեջանական փախստականների հետ:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևան է ժամանել հոկտեմբերի 26-ին' առավոտյան 4:30-ին: ՄԽ մյուս համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիուի (Ֆրանսիա) հետ նա հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ տարածաշրջանային այցի շրջանակներում նրանք այցելելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն' հանդիպելու երկրի ղեկավարության հետ:

 

 

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին' հատելով սահմանը Արցախում: