Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը մարտի 10-ին Մոսկվայում մտքեր կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա, պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր ղարաբաղյան հակամարտության վերսկսումը՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և ռուս-թուրքական հարաբերությունների հետ, ասել է. «Անկասկած, նման փոթորկոտ տարածաշրջանում հարևանությունը կայունություն չի ապահովում մեր հարևանների համար: Սակայն, իհարկե, պետք է ասել, որ առավել հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն կլինի ավելի ուշ»:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն' հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

 

Մոսկվայում ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին կմասնակցի նաև շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: