Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության' Անկարայից ընտրված պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերը թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ խոսել է երկրում քրդական հարցի առնչությամբ Աբդուլլահ Օջալանի դիրքորոշման վերաբերյալ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

 

Հաղորդման ժամանակ Օնդերը հայտնել է, որ դեռ ապրիլից որևէ տեղեկություն չկա Օջալանի վերաբերյալ: Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք իրենք տեղյա՞կ են թուրք-քրդական հաշտեցման գործընթացի վերաբերյալ Օջալանի տեսակետին՝ Օնդերն պատասխանել է. «Նա ավելի վաղ էր մեզ ասել, թե ինչ է մտածում: Վերջին հանդիպման ընթացքում Օջալանը, մատնանշելով կառավարությունը, մեզ ասաց. «Սրանք շատ անլուրջ են: Հավանաբար, սա կլինի ձեզ հետ իմ վերջին հանդիպումը: Եթե նրանք խնդիրը կրկին տանեն կռիվների դաշտ, ժողովրդավարացման քայլ չանեն, իսկ ձեզ էլ դիտորդական խմբի հետ չուղարկեն, իմացեք, որ մահացած եմ: Այստեղ էլ մի եկեք»:

 

 

Թուրքիայի քրդերի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999 թվականի փետրվարին թուրքական հատուկ ծառայությունների կողմից բռնվել էր Քենիայի մայրաքաղաքում: Նա անվտանգության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ նույն տարվա հունիսին դատապարտվել մահապատժի: Երկու տարի անց Թուրքիայում մահապատիժը չեղյալ էր հայտարարվել, եւ Օջալանի նկատմամբ կայացված դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտ արկությամբ: Օջալանն այդ պատիժը մինչ օրս կրում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում: