Հոկտեմբերի 19-ից 22-ը գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը եղել է Չեխիայի հանրապետությունում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ասուլիսի ընթացքում խոսեց այցի ընթացքում պատվիրակության ձեռք բերած պայմանավորվածությունների մասին:
Պատգամավորի խոսքով՝ Չեխիայում հետաքրքրված են հայկական խաղողով. «Չեխիայում ներկայացրինք, որ այս տարի խաղողի աննախադեպ բերք ենք ունեցել, որի արդյունքում անգամ առաջացել է իրացման խնդիր և գյուղացիները փաստի առաջ էին կագնել: Բավականին լուրջ հետաքրքրություն առաջացավ կոնկրետ հայկական խաղողի հետ կապված: Մենք մեծ պոտենցիալ ունենք մեր երկրի բարիքը արտահանելու»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Պատգամավորը կարծում է, որ գործադիր մարմինն այս ոլորտում անելիք ունի: Նա Հայաստանում տեղեկացրել է չեխ գործընկերների հետաքրքրության մասին և առաջարկել նոր որակի համագործակցություն ստեղծել: «Մենք նույնիսկ կարող ենք հրավեր կազմակերպել՝ արդեն առարկայական քննարկել, ինչ կարող ենք տալ և ինչ կարող ենք վերցնել: Ինչքան էլ մենք ինֆորմացված լինենք, ամեն դեպքում, գյուղատնտեսության նախարարի համար ավելի տեսանելի են խնդիրները»,- ասում է պատգամավորը:
Ասուլիսին ներկա պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նկատում է՝ ներդրումներ են հարկավոր. «կլինի գրավիչ՝ շարժ կլինի, չլինի՝ կդոփենք տեղում: Այն ժամանակներն անցել են՝ եկեք սիրենք, պաչենք, Գեղարդ տանենք. հիմա գործելու ժամանակն է: Պետք է մտածենք ինչ ունենք տալու, ինչ՝ վերցնելու»: