ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը գրեթե համոզված է, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Դմիտրի Ադբաշյանը նշեց, որ վթարի ամենահավանական տարբերակն օդում ինքնաթիռի հատվածներից մեկում պայթյունն է, որը կարող էր նախկինում առաջացած տեխնիկական խնդիրների հետևանք լինել:

 

 

Հարցին ի պատասխան, թե կարո՞ղ էր, արդյոք, նախկինում տվյալ ինքնաթիռի պոչի հատվածի վնասվելը դառնալ հետագա պայթյունի պատճառ, Դմիտրի Ադբաշյանը նկատեց. «Կարող էր, քանի որ օդանավի կառուցվածքի մեջ այդ վնասվածքից հնարավոր է մնացել են ճաքեր, որոնք մասնագետները չեն նկատել, և այդ ճաքերը կամաց-կամաց մեծացել են' մինչև կրիտիկական կետը' ինքնաթիռի պոչի պոկվելը»:

 

 

Մասնագետը խոսքով՝ այն, որ ինքնաթիռի մասերը գետնի վրա տարածվել են 15-20 կիլոմետրի վրա, նշանակում է, որ ինքնաթիռը գետնին բախվելուց չի առանձնացել, այլ օդի մեջ մասերի է բաժանվել, որի հետևանքով էլ առանձին մասեր հայտնվել են տարբեր հեռավորությունների վրա:

 

 

Իսկ այն, որ օդաչուները դիսպետչերներին ազդանշան չեն հաղորդել, Դմիտրի Ադբաշյանը պայմանավորում է հանգամանքով, որ նրանք պարզապես ֆիզիկապես ի վիճակի չեն եղել: «Oդանավի մեջ միանգամից առաջանում է պայթյունավտանգ ապահերմետիկացում, ինքնաթիռում ճնշումը 760 մմ-ից ընկնում է մինչև 200 մմ, քանի որ 10 հազար մետրի վրա ճնշումն այդքան է: Դա բերում է նրան, որ մարդիկ միանգամից ուշագնաց են լինում, նրանց ականջներից արյուն է սկսում հոսել: Այդ պատճառով էլ, հավանաբար, օդաչուներն ի վիճակի չեն եղել ինֆորմացիա տալ դիսպետչերներին»,- նշեց բանախոսը:

 

 

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ էր պայթյունը լինել ներսում տեղադրված պայթյուցիկ սարքի պատճառով' Ադբաշյանը նշեց. «Իմ կարդացած նյութերի մեջ նշվում է, որ պայթուցիչների հետքեր ոչ մի տեղ չեն հայտնաբերվել»:

 

 

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: