ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է 6-ամյա երեխայի՝ փորձելով բռնել նրա հորը, հայտնում է AP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգում: Դաշնային մարշալները պետք է տղամարդուն փոխանցեին դատարանի հրամանը, սակայն նա որդու հետ նստել էր մեքենա և փորձել այնտեղ թաքնվել: Հետապնդման ժամանակ նրանց փակուղու մեջ են գցել: Տղամարդը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, և մեքենան հետընթաց վարելու փորձ է արել:
Դաշնային մարշալները մեքենայի վրա կրակ են բացել: Մեքենայում նստած երեխան մահացել է։ Երեխայի հայրը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունն սկսել է հետաքննել մարշալների գործողությունները։ Դաշնային մարշալներն աշխատում են ԱՄՆ-ում դատարաններին կից և ունեն ոստիկանության բոլոր լիազորությունները։