Եվրոպայում տիրող խտրականության ու իսլամատյացության ֆոնին Ադրբեջանը մտադիր չէ ակտիվացնել եվրոպական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հնչել են հայտարարություններ, թե մենք պետք է ինտեգրվենք Եվրոպային։ Ահա թե ինչ պետք է ասեմ։ Ոչ, չպետք է ինտեգրվենք։ Ինտեգրման որևէ անհրաժեշտություն չկա և հատկապես խտրականության ու իսլամատյացության ժամանակաշրջանում»,- ասել է Ալիևը։
Ալիևը Եվրոպային զգուշացրել է չմիջամտել Ադրբեջանի գործերին. «Մեզ ոչ ոք չի օգնել։ Այն ամենը, ինչին մենք հասել ենք, իրականացվել է մեր ջանքերի շնորհիվ։ Մենք օգնություն չենք ակնկալում որևէ մեկից և չունենք դրա կարիքը․ պետք չէ միջամտել մեր գործերին։ Ադրբեջանում ստեղծված է ուժեղ պետություն՝ հենված ազգային շահերի վրա»։