Ըստ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի' այսօրվա գործող համակարգն ու Սահմանադրությունն ավելի շատ հնարավորություն է ընձեռում գործող իշխանության ղեկավարին չդառնալ «երիտասարդ թոշակառու» և երկու ժամկետ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շարունակել մնալ քաղաքական համակարգում որպես վարչապետ:

 

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ, ի պատասխան Ավետիք Իշխանյանի հարցին, թե «Արդյո՞ք սահմանադրական փոփոխություններն արվում են, որպեսզի ՀՀ գործող նախագահը պաշտոնավարելուց հետո չդառնա «երիտասարդ թոշակառու», Դավիթ Հարությունյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների ներքո իմաստ չունի փնտրել նախագահի' «երիտասարդ թոշակառու» չդառնալու հիմքը:

 

«Շատ են դեպքերը, երբ նախագահները պաշտոնավարելուց հետո դառնում են վարչապետներ և իշխանությունը կենտրոնացնում իրենց ձեռքում: Ոչինչ չէր խանգարում, որպեսզի այսօրվա գործող նախագահն էլ նույն կերպ վարվեր և դառնար վարչապետ, եթե մյուս ընտրությունների ժամանակ հաջողություն լիներ, որի հավանականությունը գործող Սահմանադրության և գործող Ընտրական օրենսգրքի շրջանակում մեծ է: Եթե դրա հետ համադրենք ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ փոփոխությունները տեղի ունենալու դեպքում ինքը չի պատրաստվում զբաղեցնել հանրապետության նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը, ապա, կարծում եմ, սահմանադրական փոփոխությունների ներքո «երիտասարդ թոշակառու» դառնալու հիմքը փնտրել, կարծում եմ, իմաստ չունի»,- ասաց Հարությունյանը: