Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ:
Հայաստանի նախագահի այս սեպտեմբերի 4-ի հրամանագրով, հիշեցնենք, ստեղծվեց նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Ինը հոգանոց հանձնաժողովը գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներից են նաև Արդարադատության նախարարն ու նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխանական օղակներում, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմում քննարկումներ են սկսվել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու շուրջ, լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակն է լինելու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սահմանադրական փոփոխությունների ի՞նչ տարբերակներ են քննարկվելու հանձնաժողովում, նախարարը պատասխանեց․ - «Հանձնաժողովը՝ քննարկումներում համեմայն դեպս, որևէ կաղափար չունի: Սա առաջին փուլն է, սա մասնագիտական հանձնաժողով է: Այն անցնելու է բավականին լայն հանրային քննարկումների փուլ, որովհետև ամենալավ բանը, եթե դու անում ես, բայց հասարակությանը չես ասել, որ սա լավ բան է․․․ պետք է հիմնավորել այդ ամբողջը: Նոր դրանից հետո պետք է ընդունել»:
Նախարարը, սակայն, մանրամասներ չհայտնեց, թե ի՞նչ գաղափարներ են քննարկվելու, ինքն անձամբ ի՞նչ մոտցումներ ունի:
«Ձեզ վստահեցնում եմ՝ կա կարողություն, կա ներուժ հանձնաժողովում՝ այս բոլոր խնդիրները քննարկելու և դրանից հետո Հանրապետության նախագահին ներկայացնելու նախագիծ, որը, հանձնաժողովի կարծիքով, կլուծի այն խնդիրները, որոնք պայմանավորված են մեր Սահմանադրությունում առկա անհստակություններով», - նշեց Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարարի հայտարարությունը, թե հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ, ուշագրավ է հատկապես Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ երեկվա հայտարարության ֆոնին: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը, արձագանքելով լրագրողների հարցին, ասաց․ - «Քաղաքական իշխանության օրակարգում, Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում չկա Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի փոփոխության հարց: Մեր օրակարգում՝ անցում դեպի պառլամենտական համակարգի, դրված չէ այդ հարցը: Մենք գտնում ենք, որ այս կառավարման համակարգը իրեն բավարարում է»: