Նոյեմբերի 5-ից երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն շատ է ցանկանում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում Վրաստանի հետ հանդես գալ միասնական դիրքից:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, Ալիևն ու Մարգվելաշվիլին քննարկել են էներգետիկական և տրանսպորտային հարցեր:

 

 

Ադրբեջանի առաջնորդը կարևորել է Վրաստանի և Թուրքիայի տարածքներով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու նվազագույնը 45 մլրդ դոլար արժողությամբ Հարավային հոսք գազային միջանցքի (Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարներ-TANAP և TAP) կառուցումը, որոնք, նրա խոսքով «այսօր մեծ տնտեսական և քաղաքական նշանակություն ունեն և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Եվրոպայի համար»:

 

 

Ալիևի խոսքով' Ադրբեջանի հաստատված գազային պաշարները կազմում են 2,6 տրիլիոն խորանարդ մետր, որը «նվազագույնը 100 տարի կհերիքի Ադրբեջանի, հարևան և եվրոպական երկրների համար»:

 

 

Ալիևն ընդգծել է, թե Վրաստանի և Ադրբեջանի համատեղ գործունեությունը, երկու երկրների միասնական դիրքն ապագայում կցուցադրի այդ միջանցքի մեծ հուսալիությունը:

 

 

«Ես հայտնեցի, որ Ադրբեջանում վերջերս ստեղծվել է տարանցիկ բեռների հետ կապված Համակարգման խորհուրդ: Մենք շատ ենք ուզում, որ բեռնափոխադրումնների ոլորտում Վրաստանը և Ադրբեջանը հանդես գան միասնական դիրքից: Մենք կարող ենք Վրաստանի վրայով անցնող բեռները զգալիորեն մեծացնելու համար միասնական տարիֆային քաղաքականություն մշակել»,- նշել է Ալիևը: