Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում հոկտեմբերի 17-ին սկսված կադրային ջարդը շարունակվում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է ԱԱՆ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Միրազիզ Ասկերովին:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ' Միրազիզ Ասկերովը ձերբակալվել է ԱԱՆ հասած բողոքների հիման վրա, կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ԱԱՆ տրանսպորտի եւ էներգետիկայի գծով գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը:
Բացի այդ, նոյեմբերի 6-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը տվյալ վարչության երեք աշխատակիցների' Մեհման Աբդուլլաեւի, Պրհան Օսմանովի եւ Աքիֆ Ալիեւի նկատմամբ երեք ամիս ժամկետով ձերբակալության որոշում է ընդունել:
Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրանով նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:
Նախօրեին զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում' 4 գեներալ, եւ ձերբակալվել ԱԱՆ 15-ից ավելի աշխատակիցներ: