«Դոշակի տակ փող պահելը արդյունավետ չէ, չեմ կարծում, որ դրանով ռիսկերից խուսափում եք: Փողն արժեզրկվում է՝ լինի դոլար, դրամ թե մոնղոլական տուգրիկ, գնողունակությունը ընկնում է, հետևաբար պետք է ներդրում կատարել»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նման կարծիքի է «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

 

Ըստ նրա՝ այսօր ներդրում կատարելու լավագույն միջոցը պարտատոմսերն են: Առաջարկում է՝ գումար ներդնել նաև կորպորատիվ պարտատոմսերում, իսկ այսօր նման հնարավորություն առաջին անգամ ընձեռում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն:

 

Այս կազմակերպությունը իրենց ծառայությունների նկատմամաբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրականացնում է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Կազմակերպության խորհրդի նախագահ Էդուարդ Մարությանն ասաց, որ այս կերպ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները:

 

«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի խոսքով՝ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է երկու տրանշով, առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1.000.000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետ վճարումները կիրականացվեն կիսամյակային պարբերականությամբ:

 

Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100.000.000 ՀՀ դրամ ծավալով, 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15 % տարեկան ֆիքսված տոկոսադրույքով՝ եռամսյակային պարբերական վճարումներով և 12 ամիս շրջանառության ժամկետով:

 

Պարտատոմսերի տեղաբաշխող «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը տեղեկացրեց, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 17-ին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ մեկանգամյա աճուրիդ անցկացման միջոցով:

 

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք: