2015թ.-ի նոյեմբերին 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի տեղաբաշխումը:
Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (1-ին տրանշ, GLBLB1) և 100,000,000 ՀՀ դրամ (2-րդ տրանշ, GLBLB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկումներ: Տեղաբաշխմանը ներկայացված պարտատոմսերի առաջին տրանշը ներառել է 2 տարի ժամկետայնությամբ, 9.5% արժեկտրոնի տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB1), իսկ երկրորդ տրանշը՝ 1 տարի ժամկետայնությամբ, 15.0% արժեկտրոնի տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB2):
GLBLB1 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.
Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,218,089 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությունը ներգրավել է 1,000,089.25 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 100 ԱՄՆ դոլար, միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.495%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.5 %:
GLBLB2 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.
Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 161,009,000 ՀՀ դրամ: Տեղաբաշխման արդյունքում Ընկերությունը ներգրավել է 100,009,000 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 10,000 ՀՀ դրամ, միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.9901%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 15 %:
Տեղեկացնում ենք, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջին անգամ է իրականացնում պարտատոմսերի թողարկում: Նշված պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:
Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am «Նորություններ» բաժնից:
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշման) գրանցված ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում:
Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇՆ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը:
Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.globalcredit.am:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.nasdaqomx.am: