2015թ.-ի դեկտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել արժեթղթավորման առաջին հիմնադրամի՝ «ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը:

 

 

Հիմնադրամը տեղաբաշխման է ներկայացրել 1,132,800 ԱՄՆ դոլար (LPSFB1) և 446,260,000 ՀՀ դրամ (LPSFB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկում: Տեղաբաշխմանը ներկայացված LPSFB1 պարտատոմսերը ներառել են 36 ամիս ժամկետայնությամբ, 8.5% արժեկտրոնի տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 11,328 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, իսկ LPSFB2 պարտատոմսերը ներառել են 36 ամիս ժամկետայնությամբ, 15.0% արժեկտրոնի տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 44,260 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

 

 

LPSFB1 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.



Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,135,525.50 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխման արդյունքում Հիմնադրամը ներգրավել է 1,135,425.26 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 100.2313 ԱՄՆ դոլար, միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.4999%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8.5%:
LPSFB2 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են.

 

 

Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 448,109,248.15 ՀՀ դրամ: Տեղաբաշխման արդյունքում Հիմնադրամը ներգրավել է 448,069,086.01 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 10,040.5369 ՀՀ դրամ, միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը կազմել են 15 %:
Հատկանշական է, որ վարկային պորտֆելով ապահովված նմանատիպ պարտատոմսերի տեղաբաշխում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում իրականացվում է առաջին անգամ:

 

 

Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am «Նորություններ» բաժնից:

 

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ի մասին



«ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 1»-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2015 թվականի օգոստոսի 31-ին «Ակտիվների արժեթղթեվորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բացառապես արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման գործունեություն իրականացնելու նպատակով: Հիմնադրամը 2015 թ. սեպտեմբերի 16-ին գրանցվել է Հայաստանի կենտրոնական բանկում՝ որպես արժեթղթավորման հիմնադրամ:
Հիմնադրամը հիմնադրվել է երեք տարի ժամկետով՝ սկսած այն ամսաթվից, երբ կավարտվի ակտիվներով ապահովված թողարկված արժեթղթերի տեղաբաշխումը՝ մինչև 18 ամիս երկարաձգման հնարավորությամբ:

 

Հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հիմնադրամի կառավարչի շատոնական կայք՝ www.capital.com.am:

 

 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.nasdaqomx.am: