2015թ.-ի դեկտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ավարտվել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը, որը սկսվել էր դեկտեմբերի 18-ին:
Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 186 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,454,668,330 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է ՀՀ-ում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնում է բաժնետոմսերի տեղաբաշխում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:
«Յունիբանկ»-ի մասին
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում:
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայքը՝ www.unibank.am:
Ք ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայքը՝ www.nasdaqomx.am: