Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատրաստակամություն է հայտնել վաճառել իր Tesla ընկերության բաժնետոմսերը, եթե դա կօգնի հաղթահարել աշխարհում սովի խնդիրը։ Այս մասին նա գրառում է արել Twitter-ում՝ ի պատասխան ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքերին։
Ավելի վաղ Բիսլին շնորհավորել էր Մասկին այն բանի համար, որ նա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում շրջանցել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ «Այս իրադարձությունը նշելու համար ես Ձեզ առաջարկում եմ՝ կյանքում մեկ անգամ օգնեք մեզ սովից փրկել 42 միլիոն մարդու ընդամենը 6,6 միլիարդ դոլարով», - ասել է ՊՀԾ ղեկավարը ձեռնարկատիրոջը։ Բիսլիի խոսքով՝ Մասկը ընդամենը մեկ օրում 6 մլրդ դոլար է վաստակել իր ընկերությունների բաժնետոմսերի աճից։ «Սա ճիշտ այնքան է, որքան մեզ անհրաժեշտ է աղետը կանխելու համար»,- ասել է նա։
Մասկն իր հերթին արձագանքել է Բիսլիի կոչին։ «Եթե Բիսլին Twitter-ում այս գրառման տակ ճշգրիտ բացատրի, թե ինչպես 6 միլիարդ դոլարը կօգնի հաղթահարել համաշխարհային սովը, ես անմիջապես կվաճառեմ Tesla-ի բաժնետոմսերը և կանեմ դա»,- ասել է ձեռնարկատերը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ հաշվետվությունները պետք է իրականացվեն բաց աղբյուրներով, «որպեսզի մարդիկ հստակ տեսնեն, թե ինչպես են բաշխվում միջոցները»։
Վերը նշված փաստաթղթի համաձայն՝ 2020 թվականին աշխարհում շուրջ 155 միլիոն մարդ բախվել է պարենային անվտանգության սուր խնդրին, ինչը 20 միլիոնով ավելի է, քան 2019 թվականին։ Նշվել է, որ ներկայումս շտապ օգնության կարիք ունի ավելի քան 41 միլիոն մարդ։
Ըստ Forbes ամսագրի՝ Իլոն Մասկը գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը կազմում է ավելի քան 292,6 միլիարդ դոլար: Bloomberg-ն իր հերթին Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը գնահատում է ավելի քան 311 միլիարդ դոլար: