Ամերիկացի գործարար Իլոն Մասկը գտնում է, որ Tesla ընկերության արտադրության էլեկտրոմոբիլները շուտով կունենան այնպիսի ծրագիր, որը թույլ կտա հետիոտներին դիմել բարձրախոսների օգնությամբ: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Մասկը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է ճանապարհով դանդաղ ընթացող Tesla մեքենան: Նրանից լսվում է, ամենայն հավանականութմաբ, համակարգչի միջոցով մշակված ձայն. «Մի կանգնիր այդպես, ցատկիր», «Դուք շատ երկա՞ր եք սովորել դեմքի նման արտահայտությամբ նայելու համար»:
Ինչպես հետո բացատրել է Մասկը, Tesla մեքենաները «շուտով կխոսեն մարդկանց հետ, եթե դուք դա ուզում եք»: Գործարարն ասել է, որ նոր գործառույթը հնարավորություն կտա դիմել հետիոտներին, սակայն մանրամասներ չի ներկայացրել, թե այն ինչպես է աշխատելու եւ ինչ նպատակով է օգտագործվելու:
Ինչպես նշում է տեխնիկական նորույթների մասին հրապարակումներով մասնագիտացված Engadget-ը, նշված գործառույթը վարորդին հնարավորություն կտա դիմել շրջապատի մարդկանց, առանց մեքենայի ապակիներն իջեցնելու: Դա, օրինակ, օգտակար կլինի անուշադիր հետիոտներին մեքենայի մոտենալն ասելու դեպքում: