ԱՄՆ Տեխաս նահանգի մայրաքաղաք Օսթինում անցկացված South by Southwest փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկը SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկի ելույթն էր: Նա սկսեց կարճ, սակայն ոգևորիչ տեսանյութից, որը նվիրված էր Falcon Heavy տիեզերանավի հաջող թռիչքին:
Տեսանյութը պատրաստել էր Ջոնաթան Նոլանը՝ հանրահայտ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի եղբայրը: Այնուհետև Մասկը հանրության հետ կիսվեց մեր քաղաքակրթության ու մոլորակի բնակչության հետագա գոյատևման վերաբերյալ իր մտահղացումներով: Ըստ նրա՝ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք սպառնում են բնակչությանը՝ սկսած Երկրի ու հսկայական աստերոիդի բախումից մինչև գլոբալ տաքացման սարսափելի հետևանքներ: Սակայն, այնուամենայնիվ, մարդկանց համար գլխավոր սպառնալիքը հենց իրենք՝ մարդիկ են և նրանց պաթոլոգիական անկարողությունը՝ միմյանց հետ ապրել կարողանալու:
Միայն վերջին հարյուրամյակում մեր մոլորակում երկու համաշխարհային պատերազմ է տեղի ունեցել: Մասկը կարծում է, որ քիչ հավանական է, որ մարդիկ այլևս երբեք համաշխարհային կոնֆլիկտներ չունենան: SpaceX-ի ղեկավարը չի պատրաստվում կանխատեսումներ անել Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման տարեթվի վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով մարդկության պատմությունը, նա 100%-ով վստահ է, որ վաղ թե ուշ նման հակասություն տեղի կունենա, և Երկրի վրա նոր ու խավար տարիներ կսկսվեն:
Մասկը ցանկանում է համոզվել, որ անգամ ամենավատ սցենարի դեպքում մարդկային քաղաքակրթությունը հնարավորություն կունենա փրկվելու ու գոյատևելու: Նման հնարավորությամբ կարող են ապահովել տիեզերական բնակավայրերը, որոնք կնմանվեն ժամանակակից Նոյյան տապանների. «Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մենք պետք է պահպանենք մարդկանց մի մասին, որպեսզի նրանք կարողանան շարունակել մեր քաղաքակրթությունը և գոյատևեն հաջորդող տարիներին: Հենց այդ պատճառով էլ հարկավոր է ունենալ ապահով վայր տիեզերական տարածությունում: Իդեալական տարբերակում դա կարող է լինել Մարսը, քանի որ այն բավականաչափ հեռու է Երկրից, և հավանականությունն այն բանի, որ պատերազմի դեպքում մարսյան բազան չի վնասվի, ավելի մեծ է, քան կլիներ Լուսնի վրա բազա ունենալու դեպքում»:
Գործարարը հատկապես շեշտել է, որ Կարմիր մոլորակը չի դառնա «փրկօղակ» միայն հարուստների համար: Այն շուտով կնմանվի նախորդ դարի սկզբին գոյություն ունեցող անտարկտիկական ճամբարներին: Մասկն այս կերպ է բնութագրում. «Փոքր է հավանականությունը, որ պատերազմի դեպքում դուք ողջ կմնաք, սակայն գոյատևելու դեպքում հրաշքների կհանդիպեք»:
Իր ելույթի ընթացքում Մասկը հերթական անգամ խոսել է արհեստական բանականության անվերահսկելի վտանգների մասին, որոնք անխուսափելիորեն սպառնում են մարդկությանը: Ըստ միլիարդատիրոջ՝ լիարժեք արհեստական բանականության ստեղծումը կարող է հանգեցնել անմահ բռնապետության, որը կապ չի ունենա մարդկային արժեքների ու բարոյականության հետ, այդ իսկ պատճառով նա կրկին հորդորել է գիտնականներին զգուշություն ցուցաբերել այդ ոլորտում: