«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.




***


Սկսվել է անձնագրերի հավաքագրման գործընթացը. պատգամավոր

 

«Այո»-ի քարոզարշավի մութ կողմերն սկսված են: Այդ գործին լծված անձինք փորձում են այնպես անել, որ հնարավորինս անաղմուկ ստանան ցանկալի արդյունքը: Մեր իշխանությունների մոտ, սակայն, ինչ էլ անեն՝ ստացվում է այնպես, ինչպես միշտ:

 

 

 

Օրինակ՝ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանն արդեն բարձրաձայնում է հանրաքվեին ընդառաջ անձնագրերի հավաքագրման մասին:

 

 

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Անկեղծ ասած՝ զանգեր եմ ստանում իմ ընկերներից, ծանոթներից, ովքեր տեղեկացնում են՝ անծանոթ մարդիկ իրենց դռներն են թակում և տարատեսակ ստուգումների, ցուցակագրման, հանրաքվեի պատրվակով փորձում են կորզել բնակիչների անձնագրերը»: 

 

 

 

Պատգամավորը նկատում է նաև, որ մեր երկրում ամուր հիմքի վրա են դրված ընտրական կեղծարարությունները, և ամեն անգամ նորամուծություններ են անում՝ մոլորեցնելով համաքաղաքացիներին:

 

 

 

Չի բացառում, որ հանրաքվեին ընդառաջ կազմակերպվելիք կեղծարարությունների նպատակով են հավաքագրում անձնագրերը և կիրառելով նոր միջոցներ՝ կհասնեն «այո»-ի հաղթանակին:

 

 

***

 

 

«Փող բաժանելո՞ւ եք, թե՞ ոչ»

 

 

Այս օրերին իշխանական թևն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է «այո»-ի քարոզարշավի իրականացման վրա: Համատիրությունների աշխատակիցներից՝ մինչ պետական ամենաբարձր օղակների առջև դրված է «այո»-ի քարոզի սուրբ գործի կատարումը:

 

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ իշխանական թևի մանր ու միջին կալիբրի չինովնիկներն արդեն կամուկացի մեջ են հայտնվել. բաժանե՞լ փող, թե՞ ոչ:

 

 

 

Բանն այն է, որ հատկապես ստորին հատվածներից եկող տեղեկատվության համաձայն՝ որոշ քաղաքացիներ հարցուփորձ են անում փողի բաժանման մասին, իսկ «այո»-ականները չգիտեն, թե ինչ պատասխանեն. քաղաքական վերջնական որոշումը դեռևս չի կայացվել:

 

 

 

Ներկա պահին տրամադրությունն այնպիսին է, որ մարդիկ չեն մասնակցի հանրաքվեին, մինչև իշխանություններն «արհեստական ստիմուլ» չառաջացնեն:

 

 

 

***

 

 

«Այո»-ի ու «Ոչ»-ի ռեալիթի շոուն՝ ուղիղ միացմամբ

 

 

Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Այո» և «Ոչ»-ի ճակատի անդամներն այցելում են տարբեր համայնքներ և հանդիպելու են մարդկանց հետ՝ քարոզելու իրենց տեսակետը մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, օրական 10-12 ժամ լինելով ուղիղ եթերի ռեժիմում.

 

 

 

 

 

***

 

 

ԼՂՀ նախագահը չի պատրաստվում Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին. խոսնակ

 

 

 

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի հայտարարել, որ պատրաստվում է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը' պարզաբանելով մամուլում բուռն քննարկվող մի տեղեկություն, ըստ որի' Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին տրամադրելու ղարաբաղյան իշխանությունների պատրաստակամության մասին: «Նախագահը չի ասել, որ պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Նա խոսել է օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին: Նախագահն ասել է, որ եթե օդանավակայանն սկսի ամբողջությամբ շահագործվել, միգուցե քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը»,- նշեց մամուլի խոսնակը:

 

 

Անդրադառնալով «Ռեգնում» գործակալության հրապարակմանը' Բաբայանը նշեց, որ գործակալությունը նման բան գրել է, որպեսզի իր նյութերն ավելի շատ ընթերցվեն, հնչել է հարց, եղել է պատասխան, որ երբ օդանավակայանը շահագործվի, հնարավոր է քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն դա ապագայի խնդիր է և պետք չէ շտապել:

 

 

Գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդնավակայանը հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Հայտարարությունը տարածվել է հայկական ու ռուսական մի շարք լրատվամիջոցներում: