«Այո»-ի քարոզարշավի մութ կողմերն սկսված են: Այդ գործին լծված անձինք փորձում են այնպես անել, որ հնարավորինս անաղմուկ ստանան ցանկալի արդյունքը: Մեր իշխանությունների մոտ, սակայն, ինչ էլ անեն՝ ստացվում է այնպես, ինչպես միշտ:
Օրինակ՝ ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանն արդեն բարձրաձայնում է հանրաքվեին ընդառաջ անձնագրերի հավաքագրման մասին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Անկեղծ ասած՝ զանգեր եմ ստանում իմ ընկերներից, ծանոթներից, ովքեր տեղեկացնում են՝ անծանոթ մարդիկ իրենց դռներն են թակում և տարատեսակ ստուգումների, ցուցակագրման, հանրաքվեի պատրվակով փորձում են կորզել բնակիչների անձնագրերը»:
Պատգամավորը նկատում է նաև, որ մեր երկրում ամուր հիմքի վրա են դրված ընտրական կեղծարարությունները, և ամեն անգամ նորամուծություններ են անում՝ մոլորեցնելով համաքաղաքացիներին:
Չի բացառում, որ հանրաքվեին ընդառաջ կազմակերպվելիք կեղծարարությունների նպատակով են հավաքագրում անձնագրերը և կիրառելով նոր միջոցներ՝ կհասնեն «այո»-ի հաղթանակին: