Երթից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մեզ չեն սպառնացել, և ոչ ոք չի կապվել մեզ հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին ՖԱՖ-ի ներկայացուցիչները:
Չնայած այն բանին, որ նախապես հայտարարվել էր՝ հաջորդ երթը կայանալու է ուրբաթ օրը, սակայն այն տեղափոխվել է նոյեմբերի 24-ին: ՖԱՖ-անդամները նշեցին՝ իրենք չգիտեին, որ ուրբաթ լինելու է ընդդիմության հանրահավաքը: Քանի որ ՖԱՖ-ը քաղաքականությունից զերծ է, որոշվել փոխել երթի օրը:
Երթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, մասնակիցները կհավաքվեն Արամ Խաչատրյանի արձանի մոտ 17:00-ից, մեկնարկը 18:00-ին է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՖԱՖ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից սկսեց նախապես հայտարարված երթը դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ տեր կանգնելու իրենց ներկայացրած պահանջներին:
Պահանջում էին մարզիչ՝ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: Պատասխան չստանալու արդյունքում ՖԱՖ-ը նոր պահանջ ներկայացրեց' ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: