ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 11-ին այցելել է Տավուշի մարզ: Նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Դիլիջան քաղաքից, որտեղ նրան հոծ բազմություն էր սպասում: Հովհաննիսյանն ընտրողներին ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները՝ ընդգծելով ժողովրդի սոցիալական վիճակը շեշտակիորեն բարելավելու հրամայականը: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ բոլոր հնարավորություններն առկա են նոր նախագահության առաջին իսկ տարում բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը»,- նշեց նա:
Օրվա ընթացքում Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակեց Իջևանում, այցելեց Գետահովիտ, Վազաշեն, Բերդ գյուղական համայնքները, զրուցեց մարդկանց հետ, նրանց հորդորեց փետրվարի 18-ին անպայման կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ձայն տալով նախընտրած թեկնածուի օգտին:
Արդեն երեկոյան Հովհաննիսյանը հանդիպեց նոյեմբերյանցիներին: Դիմելով հավաքվածներին, նա հավաստիացրեց. «Այս անգամ ի զորու ենք ընտրությունների միջոցով փոխելու երկրում տիրող իրավիճակը, որովհետև այլևս հանդուրժել չի կարելի»: