Հայաստանի նման փոքր պետության համար ֆինանսապես ապահով և տեխնոլոգիապես զարգացած գերտերությունների հետ ոտք գցելը, նախևառաջ բարդ, միևնույն ժամանակ պատասխանատու գործ է: Սակայն այն, որ Հայաստանի Հանրապետությունը օր օրի գրանցում է մեծ հաջողություններ սպորտի գրեթե բոլոր բնագավառներում՝ անթաքույց փաստ է՝ աշխարհի չեմպիոններ, ոսկե, արծաթե մեդալներ: Իհարկե, պատահում են նաև բրոնզե մեդալակիրներ, որոնց ձգտումն ու հաջողություններին հասնելու մղումը մշտապես հասնում է ցանկալի արդյունքի:

 

Խոսելով սպորտի մասին՝ ազնիվ չի լինի չանդրադառնալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով բավական մեծ ներդրում ունի հայաստանյան սպորտի զարգացման գործընթացում: Մի կողմ դնելով ԲՀԿ նախկին առաջնորդի քաղաքական հայացքներն ու քայլերը՝ լինենք օբեկտիվ և խոստովանենք, որ առանց Գ. Ծառուկյանի, ով մշտապես սատար է կանգնում հայ սպորտսմեն երիտասարդին հաղթանակներ գրանցելու համար, Հայաստանը հավանաբար գրանցված արդյունքներում կլիներ վերջից առաջինը:

 

Մեծ ձեռքբերում ենք համարում դեռ այս տարի սեպտեմբերին՝ ՀԱՕԿ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Երևանի Դավթաշեն համայքնում հանդիսավոր արարողությամբ բացված Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նոր շենքը՝ Օլիմպավանը: Հարկ է նկատել, որ բացումն իրականացրին Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սահաբը, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Օլիմպավանի բացմանը ներկա էին «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, օլիմպիական չեմպիոններ, մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Խոստովանենք, որ Հայաստանի նման փոքր երկրի համար պատկառելի ներկայացուցչություն է եկել: Խոստովանենք՝ կրկին Ծառուկյանի շնորհիվ:

 

Իսկ վերջերս՝ նոյեմբերի 20-21-ը, Պրահայում տեղի է ունեցել Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ համաժողովը, որին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակները երկու օրվա ընթացքում ամփոփել են մեկ տարվա աշխատանքները, լսել հաշվետվություն Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերի մասին, ինչպես նաև անցկացրել են եվրոպական տարբեր մակարդակի խաղերի անցկացման քվեարկություններ։

 

Ի դեպ, համաժողովի շրջանակներում որոշվել է նաև, թե հաջորդ տարի որտեղ պետք է անցկացվի Եվրոպական օլիմպիական կոմիտեների 45-րդ վեհաժողովը։ Նախապես դրված էին Երևանի և Մինսկի թեկնածությունները։ Սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կարևորելով եվրոպական օլիմպիական ընտանիքի համերաշխությունը՝ նշել է, որ հաշվի առնելով, որ մյուս տարի պետք է նշվի Բելառուսի օլիմպիական կոմիտեի 25-ամյակը, և նաև նկատի ունենալով իր ջերմ հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, Հայաստանի թեկնածությունը հանվել է հօգուտ Բելառուսի։

 

Նկատենք, որ սպորտի ոլորտում դիվանագիտական մոտեցումներ ևս պետք են: Գ. Ծառուկյանի այս առաջարկը գովեստի և բարձր գնահատանքի է արժանացել ոչ միայն Բելառուսի ներկայացուցիչները, այլև Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկենի կողմից: Սա դեռ միայն հաջողությունների և նորանոր ձեռքբերումների սկիզբն է: Հաղթանակները դեռ առջևում են:

 

Սոսե Չանդոյան