Սիրիայի ու Թուրքիայի սահմանին թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը շարքային իրադարձություն չէ: Կասկածից վեր է, որ Մոսկվան ու Անկարան հանդես կգան արմատական, նույնիսկ ռազմատենչ հայտարարություններով: Երկու երկրի հարաբերություններում առաջանալու է լուրջ ճգնաժամ, որն ազդելու է տարածաշրջանային գործընթացների վրա, մյուս կողմից' այս իրադարձությունը լակմուսի թղթի պես բացահայտում է, թե որքան հեռու է սիրիական ճգնաժամի հաղթարման հեռանկարը:
Սակայն այսօրվա իրադարձությունը հաստատ չի հանգեցնի ռուս-թուրքական պատերազմի, որովհետև չափազանց շատ են վարքագծային ընդհանրություններն ու պրակտիկ խնդիրները, որոնք դաշնակից են դարձնում ռուսական ու թուրքական այսօրվա իշխանություններին:
Սակայն մի կողմ թողնենք միջազգային իրադրությունն ու ռեալպոլիտիկան և անդրադառնանք ռուսական ռազմական ինքնաթիռի կործանմանը հաջորդած հայկական հանրային արձագանքին:
Մեզանում առկա է մի տեսակ անբնական, ես նույնիսկ կասեի՝ վտանգավոր ռգևորություն: Եթե հակիրճ ձևակերպենք, ապա մեր հասարակության, իսկ գուցե նաև քաղաքական էլիտայի մեծամասնությունը կարծում է, որ ինքնաթիռի կործանմանը կհետևի Պուտինի հուժկու հակահարվածն Անկարային, մի խոսքով՝ կառաջանա ռուս-թուրքական պատերազմի պես մի բան, որից մենք կշահենք՝ պատմական արդարության վերականգնման տեսանկյունից: Մեր պապերն այսպես են մտածել ռուս-թուրքական բոլոր պատերազմներից առաջ, սակայն այդպես էլ դասեր չեն քաղել, երբ այդ պատերազմներին հաջորդել է ռուս-թուրքական «մեղրամիսը»՝ նաև մեր շահերի հաշվին:
Մենք դարձել ենք ռուս-թուրքական հարաբերությունների մանրադրամը, ու այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի չենք հասկացել, որ մեր անվտանգության գարանտը ոչ թե ռուսներն են, այլ մեր դիվանագիտությունը, որի հիմնական առաքելությունը հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է:
Մեզ նոր որակի պետություն է անհրաժեշտ, որի ուժը ոչ թե պատմական արդարության վերականգնումն է, այլ երկրի զարգացման հրամայականի ձևակերպումը:
Սուրեն Սուրենյանց