Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման փաստը տարածաշրջանում իրավիճակի կտրուկ փոփոխության վտանգներ կարող է պարունակել, ընդհուպ մինչև նոր պատերազմի սպառնալիք: Եվ այս պարագայում հայերիս համար շատ կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ մեր հնարավոր դերակատարությունն այդտեղ և մեզ շահեկան դիրքորոշում բռնելով օգտվել ստեղծվող իրավիճակից: Բացի պաշտոնական դիրքորոշումից ցանկալի է նաև, որ հասարակության կողմից ադեկվատ գնահատականներ լինեն և հուսով եմ՝ գոնե այս անգամ իր ոչ ադեկվատ գնահատականներով հաճախ աչքի ընկնող՝ ռուսաֆոբ հատվածը չի շտապի ամեն ինչում մեղադրել Պուտինին և ակամայից ստանձնելով Թուրքիայի փաստաբանի դերը՝ փորձել ապակողմնորոշել հայ հասարակության մի հատվածին:

 

 

Ամեն դեպքում ողջամտության կորուստը ոչ մի հարցում էլ ցանկալի չի, չնայած, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ նմանների պակասը երբեք չենք ունենում և «միևնույն է՝ Պուտինն է մեղավոր» վարկածի հնարավոր շրջանառությունը չպետք է բացառենք: Իսկ մեր պետական այրերն ու համապատասխան գերատեսչությունները, կարծում եմ, պետք է հաշվի առնեն, որ հասունոցաղ այս իրավիճակը ոչ պակաս կարևոր կամ միգուցե արդեն ավելի կարևոր է, քան մի շարք ներքաղաքական հարցեր, և անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի հնարավոր հակամարտության արդյունքում հայտնվել շահողի դերում:

 

 

Կարեն Վարդանյան