Ռուսական Սու-24 ռմբակոծիչի միջադեպը Թուրքիայի համար պատժամիջոցներով կավարտվի: Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մթերքների և այլ արտադրանքի ներկրումը: Պատժամիջոցների մասին կարող են պաշտոնապես հայտարարել արդեն հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով կառավարական իր աղբյուրները, ինչպես նաև թուրք մատակարարների հետ աշխատող գործարարներին:

 

Սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը դեռ չկա, իշխանությունները դեռ քննարկում են հարցը, Արևմուտքի երկրների պես էմբարգո դնելու մասին խոսք չի գնում: Արգելքները կարող են դնել «Ռոսսելխոզնադզորը» և «Ռոսպոտրեբնադզորը»:

 

Այս գերատեսչություններից պաշտոնական մեկնաբանություն չեն արել:

 

Նշենք, որ Թուրքիային բաժին է ընկնում Ռուսաստան ներկրվող ապրանքների 4 տոկոսը: Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում Թուրքիան Ռուսաստան է մատակարարել 1 մլրդ դոլարի արտադրանք, հիմնականում՝ լոլիկ և ցիտրուս: Սական ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունն արդեն պատրաստ է դրանք փոխարինել Իրանից, Մարոկկոյից, Իսրայելից և այլ երկրներից բերված մթերքներով: