Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների FAF ակումբն արդեն երկու շաբաթ է՝ պահանջում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Հայաստանի հայտնի օլիգարխներից մեկն այն մարդկանցից չէ, որ հեշտ ընկրկի, առավել ևս՝ հեռանա մի քանի հարյուր մարդու պահանջով:
Ենթադրվում էր, որ նա կխոսի, ու նրա հարցազրույցը կդառնա օրվա իրադարձություններից մեկը՝ անկախ այն հանգամանքից, որ ներքին ու միջազգային իրադարձությունների պակաս չկա:
Հայրապետյանը նախ փորձել է հիմնավորել, որ ինքն անմեղ է, իսկ «շան գլուխը» պետք է փնտրել ազգային հավաքականում, որի ֆուտբոլիստները դավաճանություն են արել, այսինքն՝ ըստ ՀՖՖ նախագահի՝ «վաճառել» են Հայաստան-Ալբանիա հանդիպումը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այնքան էլ պատշաճ չէ, երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նման մեղադրանք է հնչեցնում՝ ներքին համոզմունքի հիման վրա, առանց փաստերի: Արձանագրենք նաև, որ նման մեղադրանքներից հետո՝ կամ Հայրապետյանը պետք է հրաժարական տա, կամ էլ՝ էապես փոխվի ազգային հավաքականի կազմը:
Հենց այստեղ էլ գալիս է Հայրապետյանի հարցազրույցի ամենաէական հատվածը՝ քաղաքական գնահատականով համեմված: Օլիգարխը խոստովանում է, որ հանցագործություն է պարտակել, այսինքն՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստների «դավաճանության» մասին իմացել է խաղի մեկնարկից երեսուն րոպե հետո, երբ Սերժ Սարգսյանի կողքին նստած՝ ֆուտբոլ էր դիտում, բայց այդ մասին բարձրաձայնում է շաբաթներ անց՝ իր հրաժարականի պահանջից հետո միայն:
Տողատակում Հայրապետյանը հասկացնում է, որ իրեն հրաժարական պարտադրել չեն կարող: Կամ նման բան կարող է պարտադրել միայն բոլորիս հայտնի մարդը, ով, սակայն այս պահին դա անել չի պատրաստվում: Իսկ մի քանի հարյուր երկրպագուներն ինչքան ուզես՝ կարող են աղմկել, եթե նույնիսկ նրանց ՀՖՖ նստավայր ուղարկում է Հայրապետյանի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող մեկը, ասենք՝ Հովիկ Աբրահամյանը:
Պայմանը պայման է. Հայրապետյանն աշխատելու է մինչև կկվի կանչը, իսկ այդ կանչին դեռ ժամանակ կա:
Սուրեն Սուրենյանց